четверг, 1 сентября 2016 г.

Իմ 22-րդ սեպտեմբերի մեկը

6 տարեկան էի, մանկապարտեզից  հետո, թաղի երեխաներով հավաքվում էինք մեր բակում և դպրոց-դպրոց էինք խաղում, ես ուսուցիչն էի, և ներկա-բացակա էի անում ու դաս հարցնում կեղծ մատյանով: Այն ժամանակ չէի էլ պատկերացնում, որ մի օր իսկապես ուսուցիչ կդառնամ, ներկա-բացական կանեմ և դաս կհարցնեմ իսկական մատյանով: Մայրիկս միշտ պատմում է, թե ինչպես եմ՝ Ույծ գյուղից Սիսիան 5 կմ-ը երգելով-պարելով-թռչկոտելով առաջին դասարան գնացել, հուզմունքից էլ դասղեկիս համար նախատեսված ծաղկեփունջը ուրիշ դասարանի դասղեկի նվիրել: Եվ այդ օրվանից էլ սկսել է իմ անվերջ ուսումնառության շղթան: 22 տարի շարունակ չի եղել մի սեպտեմբերի մեկ, որ կրթական հաստատություն չգնամ.սկզբից դպրոց 10 տարի, հետո 6 տարի բուհ, հետո  4 տարի աշխատեցի քոլեջում որպես դասախոս, իսկ այժմ արդեն  2-րդ տարին է միացել եմ Դասավանդի՛ր, Հայաստան կրթական հիմնադրամին և դասավանդում եմ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցում: 22 տարի ոչ մի օր չեմ ցանկացել դադարեցնել սովորելը: Սովորելու հետ մեկտեղ էլ ավելի սկսեցի սիրել դասավանդելը. ինձ համար գերագույն հաճույք է մի խումբ մեծ-մեծ աչուկներով աշակերտների ինչ-որ նոր գիտելիք տալը, կիսվել իմ փորձով, տալ կյանքի հմտություններ, որոնք կօգնեն նրանց կյանքում մեծ բարձունքներ նվաճել:  Երբեք չեմ դադարի սիրել դպրոցը և աշակերտներին:
Դասավանդի՛ր, Հայաստանի հետ միասին այս մեկ տարին միշտ կկիսվեմ բոլորիդ հետ իմ փորձառությամբ, կպատմեմ իմ և աշակերտներիս հաջողությունների և ձեռքբերումների մասին:
Շնորհավոր սեպտեմբերի մեկ, բարի երթ բոլորին: